Բուլղարիայի վարչապետը պաշտպանել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը` իր երկրի տարածքով «Հարավային հոսք» 16 մլրդ եվրո արժողությամբ նախագծի գազատարի անցկացման վերաբերյալ: Նա հայտարարել է, որ դա ավելի հեռանկարային է, քան Բրյուսելի կողմից աջակցվող մրցակից ծրագիրը, գրում է «Financial Times»-ը:
Անցած շաբաթ Ռուսաստանի հետ «Հարավային հոսքի» վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել, ինչը թույլ էր տվել «Գազպրոմին» եւ նրա գործընկերներին նախագծի վերաբերյալ վերջնական ներդրումային որոշում կայացնել:
Վարչապետ Բորիսովը հերքել է այն լուրերը, թե Բուլղարիան տարանցման համար որեւէ գումար չի ստանա 15 տարվա համար, որպեսզի վճարի բուլղարական հատվածում գազատարի իր բաժինը: Նա զարմանք է հայտնել նախագծի կենսունակության վերաբերյալ հարցի առնչությամբ: Նման հարցերը, ըստ նրա, կարող են վերաբերել «Նաբուկոյին»-ին` եվրոպական նախագծին, որով նավթը Կասպիական ավազանից պետք է Կովկասով հասներ, եւ դա Բուլղարիայի «գլխավոր առաջնահերթությունն էր»: «Սակայն մինչ օրս տասնյակ միլիոն եվրոներ են ծախսվել «Նաբուկոյի» վրա, եւ մինչ այժմ, մենք չգիտենք, որոնք են լինելու գազատարի համար գազի աղբյուրները»,-հայտարարել է նա:
«Նաբուկոն» կրճատվեց` դառնալով «Նաբուկո Արեւմուտք», որով գազը թուրք-եվրոպական սահմանից պետք է հասնի Կենտրոնական Եվրոպա: Կասպիական գազի մատկարարմանն է հավակնում նաեւ Անդրանատոլիական գազատարը` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն Բորիսովը զգուշացրել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորված չէ, Ադրբեջանով անցնող ցանկացած գազատար անվտանգ չի կարող լինել:




























