Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ոչ ոք չի պատրաստվում հեռացնել աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: «Եթե որեւէ գեղարվեստական ղեկավարի հանում են, առաջինը տնօրենը պետք է իմանա։ Նման խոսակցություն, քննարկում չի եղել ոչ այստեղ, ոչ էլ Մշակույթի նախարարությունում»,- ասաց տնօրենը:
Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ Էդուարդ Թոփչյանին չեն հանում, եւ նա չի էլ պատրաստվում հեռանալ: «Նա ժամանակ առ ժամանակ կարող է գնալ արտերկիր եւ վերադառնալ, բայց միշտ ասում է` քանի Ֆիլհարմոնիկը կա, ես այստեղ պետք է լինեմ: Նրա նպատակն է` Ֆիլհարմոնիկը համաշախարհային շուկայում ունենա իր ուրույն տեղը»,- ասաց տնօրենը:
Այժմ Էդուարդ Թոփչյանը գտնվում է Գերմանիայում, հրավիրվել է որպես դիրիժոր, ելույթ ունենալուց հետո նոյեմբերի 30-ին կվերադառնա Հայաստան:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել:
«Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն: Մեր տեղեկություններով, քննարկվում է երեք անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան- կրտսերի՝ Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, եւ ամերիկահայ մի դիրիժորի:
Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից: Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, եւ չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը»,- գրել էր թերթը:





























