Ամերիկյան թութակները կարողանում են նմանակել այլ կենդանիների ձայներն այն բանի շնորհիվ, որ այդ հմտությունը նրանց թույլ է տալիս մեծ երամներում տարբերել ցեղակիցներին, կարծում են գիտնականները:

Թութակների ամենահայտնի հատկանիշը մարդկային ձայնը նմանակելու ունակությունն է: Դանիացի գիտնականներն ուսումնասիրել են Մեքսիկայի եւ Կոստա Ռիկայի անտառներում բնակվող Aratinga canicularis ցեղատեսակի թութակների վարքը եւ պարզել, որ նույն ցեղատեսակի ներկայացուցիչները ձայնային հատուկ ազդանշաններ են տալիս, որոնց օգնությամբ մնացած անդամները ճանաչում են այս կամ այն թռչունին: Գիտնականները փորձեր են կատարել Կոստա Ռիկայի «Սանտա Ռոզա» ազգային պարկում եւ եզրակացրել, որ թութակներն անհատական ազդանշաններ են կիրառում՝ իբրեւ  «ճանաչողական ազդանշան» եւ շփման հրավեր:

Միանգամայն հավանական է, որ «խոսող» թութակները մարդկային խոսքը սովորում են նմանակել թռչունների սոցիալական կյանքի հենց այս առանձնահատկության շնորհիվ: