Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ոչ կարելի է բացառել, ոչ էլ հաստատել ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, նախկին պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված, «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը:

«Նկատելի է, որ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռեւս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր է փոխզիջումներ եւ պաշտպանություն մյուս կուսակցության թեկնածուի: Ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է  համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն։ Թե ինչով կավարտվի սա, կտեսնենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ միասնական թեկնածուվ հանդես գալն ունի դրական կողմեր:

Խոսելով ԲՀԿ-ի կողմից ծավալված քաղաքական կոնսուլտացիաների՝ «բեմականացում» լինելու մասին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ խոշոր հաշվով ամեն ինչ կարելի է բեմականացում համարել, բայց պետք չէ այդ բեմականացումներից դուրս դնել սեփական բեմականացումները. «Եթե դա լուրջ պրոցես չէ, ապա այդ դեպքում ինչո՞ւ է անհանսգատությունը լուրջ: Եթե անլուրջ է, վերաբերմունքն էլ անլուրջ պետք է լինի: Իրականում որքան էլ հայտարարում են, թե բեմականացում է՝ տեսանելի է, որ ՀՀԿ-ն դրան չի նայում որպես բեմականացման ականատես»,- ասաց քաղաքագետը:

Ստեփան Սաֆարյանը նաեւ նշեց, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցեր նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրված եւ չկայացած ԱԺ արտահերթ նիստին եւ պետք է բարձրացվող հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպելուն պատասխաներ փաստարկներով, ոչ թե կեցվածքով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am