Հայաստանում աչքի արդիական հիվանդություններից են կարճատեսությունը, դիաբետիկ ռետինոպաթիան, գլաուկոման, կերատոկոնուսը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ի մամուլի ասուլիսում նշել է «Օպտոմեդ Կանադա» ակնաբուժական ախտորոշման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը:
«Օպտոմեդ Կանադա» ակնաբուժական ախտորոշման կենտրոնը գործում է 2005թ.-ից եւ այդ ոլորտում արդեն բավական փորձ ունի: Մեր կենտրոնում աչքի տարատեսակ հիվանդություններ են ախտորոշվում, որոնք հետո բուժվում են հիվանդանոցներում», - նշել է ակնաբույժը:
Ըստ նրա` կարճատեսությունը խորանում է բջջային հեռախոսների, համակարգիչների եւ տեխնիկայի արհեստական լույս արձակող այլ տեսակների հաճախակի գործածությունից: «Այդ դեպքերում ժառանգականության գործոնը էական դեր չի խաղում», - վստահեցրել է Վարսիկ Հակոբյանը:
Նա նաեւ հավելել է, որ Իսրայելում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդկանց շրջանում, որոնք շատ են կարդում, կարճատեսության հավանականությունն ավելի բարձր է: «Եվրոպայում կարճատեսության մակարդակը կազմում է 30 - 40%, իսկ հարավարեւելյան Ասիայի երկրներում (Չինաստան, Ճապոնիա)` 90%», - եզրափակել է Հակոբյանը:
Անդրադառնալով Հայաստանի վիճակագրական տվյալներին` այդ նույն կենտրոնի այլ ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանը նշել է, որ 2000 թ. 11%-ի համեմատ երեխաների կարճատեսության մակարդակը 2011թ. աճել է 20%-ի: Նա հայտնել է, որ Երեւանում կարճատեսության միջին մակարդակը կազմում է 23%, ընդ որում՝ հիվանդությունն ամենից շատ հանդիպում է, բնականաբար, 15 տարեկանից բարձր մարդկանց մոտ:





























