Գոյություն ունի կարճատեսության մի քանի աստիճան՝ թույլ (մինչեւ -3), միջին (-3-6) եւ բարձր (-6 եւ բարձր)։ Վերջինը համարվում է հիվանդություն։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում ասել է «Օպտոմեդ Կանադա» ակնաբուժական ախտորոշման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը։
«Կարճատեսությունը լազերային վիրահատությամբ չի բուժվում, սակայն դրանք կարճատեսությունը նվազեցնող արդյունավետ մեթոդ է»,- պարզաբանել է ակնաբույժը։
Նրա խոսքով, եթե կարճատեսություն կա, ապա այն չի կարող ամբողջովին վերանալ։ «Թյուր կարծիք կա, թե կարճատեսությունը կապ ունի սեռական հասունացման հետ եւ դրա հետ վերանում է։ Ինչ վերաբերում է տարիքային աստիգմատիզմին, ապա այն ի հայտ է գալիս բոլորի մոտ»,- ասաց Վարսիկ Հակոբյանը։
«Ամենաէֆեկտիվ մեթոդը գիշերային լինզաների օգտագործումն է։ Դրանք դրական են ազդում հատկապես երեխաների վրա։ Առավոտյան նրանք ավելի լավ են տեսնում գիշերային լինզա օգտագործելուց հետո»,- հայտնեց ակնաբույժը։





























