2013-ին Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի միրգ եւ բանջարեղեն արտահանողներին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ անդրադառնալով վերամշակող ընկերություններում շրջանառու միջոցների պակասին։
Նկատենք, որ հունիսին բերքի գնման սկզբում այդ հիմնախնդրի հետ էր բախվել թարմ միրգ-բանջարեղենի խոշորագույն հայկական արտահանող «Սպայկա» ընկերությունը։ Պայմանավորվածությունները չէին կարողացել կատարել նաեւ «Բորոդինո» եւ Էջմիածնի պահածոների գործարանը, նաեւ Վայոց Ձորի մի շարք գինեգործներ։
«Մենք տեսնում ենք, որ վերամշակողները պարբերաբար բախվում են այդ խնդիրների հետ եւ մշակում ենք դրանք լուծելու մեթոդներ, որոնք մտածում են իրականացնել 2013-ին»,- բացատրեց Մակարյանը։ Միջոցները կհատկացվեն պետբյուջեից։
Նրա խոսքով, այժմ նախարարությունը մշակում է Հայաստանում մրգի եւ բանջարեղենի վերամշակման ռազմավարություն։ Աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ. փետրվարին։ Այդ ռազմավարության հիման վրա խորհրդատվություն եւ աջակցություն կցուցաբերվի ֆերմերներին եւ վերամշակող ընկերություններին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























