2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմությունը չի առաջադրի միասնական թեկնածուի, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա։ Այդ մասին նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա կարծիքով, ամեն ընդդիմադիր կուսակցություն ունի իր շահերը, եւ եթե, նույնիսկ, ձեավորվեն դաշինքներ, ապա դրանք կլինեն արհեստական. « Խոսքը կուսակցության տեղի եւ դերի մասին է ընդհանրապես։ Յուրաքանչյուր կուսակցություն նախընտրական գործընթացում ցանկանում է ավելի հստակ դարձնել սեփական դերը։ Այս կամ այն թեկնածուին սատարում են, միավորվում են դաշինքներում կամ գնում են ընտրության առանց կողմնակի աջակցության։

Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այժմ փնտրտուքների մեջ է։ Ես նորմալ եմ վերաբերվում շրջանառվող լուրերին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա ընտրություններում հնարավոր է՝ առաջարկի սեփական թեկնածուին։ Դրանով նրանք կբարձրացնեն իր կուսակցության դերը առաջիկա հինգ տարիներին»։

Այդուամենայնիվ, Արտակ Զաքարյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանը» սեփական թեկնածու չի ունենա. «Չեմ կարծում, թե նրանք կառաջադրենք թեկնածուի։ Ամեն դեպքում, ցանկացած թեկնածու մեզ համար կլինի տարբեր հնարավորություններով թեկնածուներից մեկը։ Ես չեմ կասկածում, որ հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն»։

Պատգամավորը չի բացառել նաեւ, որ «Բարգավաճ Հայաստանը» կսատարի գործող նախագահի թեկնածությունը։ «Եվ դա տեղի կունենա հանուն Հայաստանի Հանրապետության»։