Միանգամայն հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում նշել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաեւ երկրի ապագա ղեկավարի մարդկային որակը։
«Օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կերպարը, որպես բարեգործ գործարար, բավական ընդունելի է ժողովրդի համար»,- նշել է Լեւոն Շիրինյանը։
Ըստ քաղաքագետի՝ ժողովրդին նաեւ կապիտալ ներդրումներ են հարկավոր, բայց միայն մենաշնորհն արգելող օրենսդրական կարգավորումներից հետո։
«Այժմ քննարկվում է կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգին անցնելու հարցը։ Անհրաժեշտ է այնպիսի ձեւ ընտրել, որը կապահովի քաղաքական ուժերի հավասարակշռությունը»,- ընդգծել է Լեւոն Շիրինյանը՝ օրինակ բերելով ԱՄՆ-ի քաղաքական կառավարման հաջող մոդելը։
Նա նաեւ հավելել է, որ հայ քաղաքական վերնախավը պետք է կարգավորի երկիրը։
«Գաղտնիք չէ, որ աշխարհի ճակատագիրը 4-5 երկրի ձեռքում է, ուստի պետք է հրապուրիչ լինել այդ երկրների համար», - ամփոփել է քաղաքագետը։





























