ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն օլիգարխ է, այլեւ քրեաօլիգարխ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիին ուղղված Լեւոն Զուրաբյանի այն դիտողությանը, որ Գագիկ Ծառուկյանի նկարը հանի օլիգարխների պաստառի վրայից: «Օլիգարխ չի, բա ի՞նչ ա: Հլը օլիգարխից առաջ մի բառ էլ է հարկավոր ավելացնել`քրեաօլիգարխ: Մենակ օլիգարխով ամեն ինչ չի ավարտվում: Կարծում եմ, որ դա ազատության սահմանափակում է: Եթե մարդ այդպես է մտածում՝ թողեք ազատ իր մտքերը ասի. այդտեղ վախենալու ի՞նչ կա: Ես ինչի՞ համար կալանավորվեցի: Ինձ կալանավորել են իմ կարծիքը ազատ արտահայտելու համար»,- ասաց Վարդան Մալխասյանը:
Սակայն նշեց, որ ողջունում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հավանական միավորումը: «Հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն մեր լինելիության խնդիրն է որոշվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մի անգամ ասաց, որ քաղաքականությունը դա պոեզիա չէ, որ մենք հույզերով, մաքրագույն ձեւերով առաջ գնանք: Քաղաքականությունը մարդկային գործունեության ամենակեղտոտ, ամենաայլանդակ, ամենաանհասկանալի եւ ամենակարեւոր բնագավառներից մեկն է: Հիմա մենք հասել ենք մի կետի, որ այս բոլոր ուժերի մեկտեղումով կարող է չարիքի իշխանությանը տապալել: Մեր առաջ կանգնած է չարիքի իշխանության պատը: Պետք է ջարդենք այդ պատը` Պողոսով, կլինի, Իսահակով, թե կիսահանցագործով կլինի՝ պետք է միավորվենք, որ ջարդենք»,- ասաց Վարդան Մալխասյանը: Դիտարկամը, թե նախկինում չարիքի մի մաս էին համարում նաեւ նրանց եւ չարիքով են չարիքի դեմ պայքարում՝ արձագանքեց. «Այո, այո, բայց այս հանգրվանին այս խնդիրը կլուծենք: Այս չարիքի իշխանությունը հլը տապալնեք, հետո նոր գնահատական կտանք անցյալի արածներին եւ չարածներին»:
Սակայն նա Գագիկ Ծառուկյանին միասնական թեկնածու չի տեսնում: «Գագիկ Ծառուկյանը, որպես երկրի թագավոր չի համապաատսխանի այդ պաշտոնին: Հասարակ մի բան ասեմ, երկրի դեմքը պետք է լավ ծանոթ լինի հայոց պատմությանը: Պատկերացրեք միջազգային հանդիպումներում Գագիկ Ծառուկյանին Սահակ Պարթեւից, Մաշտոցից, Նարեկացուց հարցնեն կամ 3-4-րդ դասարանի դասագրքից հարց տան: Եթե չիմանա՝ դա խայտառակություն է»,- պարզաբանեց Վարդան Մալխասյանը եւ ավելացրեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանին նախագահի դերում չի պատկերացնում:




























