Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի երեքին կայանալիք Ամերիկյան երկրաֆիզիկական միության (AGU) համաժողովում NASA գիտնականները նախատեսում են հայտարարել, որ Մարսի վրա օրգանական նյութերի հետքեր են հայտնաբերել: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել է առաքելության մասնակիցներից մեկը, զգուշացնելով, որ հետազոտությունները դեռ չեն ավարտվել եւ NASA-ի վերջնական դիրքորոշումը չի ձեւավորվել:
Սենսացիա սպասվում է այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին առաքելության գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերը մամուլին հայտարարել էր, որ Curiosity մարսագնացը այնպիսի հայտնագործություն է արել, որը կընդգրկվի պատմության դասագրքերում: Դրանից հետո, ըստ աղբյուրի, Գրոտցինգերը շտապել է հերքել ինքն իրեն` հայտարարելով, թե գոյություն ունի ռիսկ, որ ոչ մի բացահայտում էլ չկա:
Ըստ գիտնականների` օրգանական նյութերի հայտնաբերումը Մարսի վրա մեծացնում է հնարավորությունն ասելու, որ անցյալում այդ մոլորակի վրա կարող էր կյանք լինել:





























