Մեր նախնական պայմանավորվածությունն այն է, որ մեր ռուս գործընկերների հետ 50/50 հարաբերակցությամբ համատեղ ձեռնարկություն ենք ստեղծում: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի շինարարության մասին:
«Սա նշանակում է, որ 50%-ը ֆինանսավորվում է Ռուսաստանի, 50% - ը՝ մեր կողմից: Մենք քննարկել ենք նախագծի ֆինանսավորման մի քանի սխեմաներ: Մենք ունենք օպերատոր, որը արդեն երկու տարի մշակում է նաեւ բիզնես մոդելը...
Օպերատորի աշխատանքի առումով եւս ներդրողների վերաբերյալ հարց կա… Չի բացառվում, որ մենք կարող ենք վերանայել նաեւ մեր մասնակցության տոկոսը եւ անհատ ներդրողներ ներգրավենք ԱԷԿ-ի շինարարությունում: Ամեն դեպքում, մեր ռուս գործընկերները պատրաստ են քննակել նաեւ այդ մոդելը, քանի որ մենք հետաքրքիր առաջարկներ ենք ունեցել խոշոր ներդրողների կողմից: Այնպես որ, այդ տարբերակը մենք չենք բացառում: Ինչպես նաեւ չենք բացառում վարկային ռեսուրսների ներգրավումը հենց այդ նախագծում», - նշել է վարչապետը:
Ըստ նրա` ծրագրի համաձայն, շինարարությունը պետք է սկսվեր 2014 թ., սակայն Ճապոնիայի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո, լրացուցիչ ժամանակ խլեցին:
Խոսելով, թե որ ներդրողների մասին է խոսքը, Տ. Սարգսյանը նշել է, որ հետաքրքրվածություն են հայտնել ներդրողներ Ամերիկայից, Ճապոիայից եւ Մերձավոր Արեւելքից: Եւ նրանց հետ պետք է մշակել պայմանները: Դեռեւս, ըստ նրա, միջնորդները մանրամասներն են պարզում:
Իսկ նախագծի իրականացման համար ռուսական պետական վարկ ստանալը, ըստ Տ. Սարգսյանի, դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակներից մեկը: «Այդ թվում դիտարկվում է նաեւ Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից վարկ ստանալու հնարավորությունը», - նշել է նա:




























