2009 թվականին համակարգչային վտանգավոր ծրագրերի քանակը 15 մլն է եղել: Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, այս մասին հայտնել է «Kaspersky Lab»- ի գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գոստեւը: Ըստ նրա` նախորդ տարում հայտնաբերված վտանգավոր ծրագրերը հիմնականում ուղղված են եղել համակարգիչների ծրագրերի կոտրմանը, գլոբալ ցանցի վարակմանը, վեբ հարձակումներին եւ բջջային հեռախոսների միջոցով խարդախությանը:
Մասնագետի խոսքով, վնասակար ֆայլերի հիմնական մատակարարները եղել են Չինաստանը, հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Փորձագետը նշել է, որ 2009-ին վնասակար ծրագրերի բովանդակությունը բավականին բարդ է եղել:
«Kaspersky Lab»- ի կանխատեսումներով` այս տարի վնասակար ծրագրերն ավելի կբարդանան, իսկ հարձակումները կիրականացվեն հիմնականում ֆայլերի փոխանակման ցանցի` տորենտների միջոցով:




























