Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, բայց նախքան նոր կառավարության ձեւավորումը կշարունակի պաշտոնավարել, հայտնում է NEWSru Israel-ը: Համաձայն հարցումների՝ Քնեսեթի ընտրություններում Բարաքի «Ացմաուտ» կուսակցությունը հազիվ հաղթահարի ընտրական արգելքը: Ավելի վաղ դիտորդները ենթադրում էին, թե «Ացմաուտը» կարող է միավորվել այլ ուժի հետ, սակայն Էհուդ Բարաքը հայտնել է, որ բանակցությունները ձախողվել են:

Իսրայելական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սա Էհուդ Բարաքի քաղաքականությունից  հեռանալու առաջին փորձը չէ: Նման մտադրության մասին նա հայտնել էր նաեւ 2001թ.-ին` վարչապետի արտահերթ  ընտրություններում պարտությունից հետո: Այն ժամանակ հաղթող Արիել Շարոնը Բարաքին առաջարկել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր: 2007թ. Բարաքը քաղաքականություն էր վերադարձել:

Հիշեցնենք, նախորդ  շաբաթ ավարտվել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական  գործողությունը: Այն տեւել է նոյեմբերի 14-21-ը եւ ավարտվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման  հետ հրադադարով: Պաղեստինյան կողմից օդային հարձակումների զոհ է դարձել 166 մարդ: