Լիբանանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում սատարում է Հայաստանին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հետ զրույցում շոշափվել են համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր, Բեյրութից փոխանցում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Սուլեյմանը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Լիբանանի համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: Հանդիպմանը շոշափվել են նաեւ արաբական աշխարհի դեպքերին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Սիրիային եւ Գազայի հատվածին:
Անդրադառնալով լիբանանահայ բազմահազարանոց համայնքին`նախագահ Սուլեյմանը նշել է. «Մենք հպարտանում են Լիբանանի հայերով, որոնք մասնակցում են երկրի տնտեսական, մշակութային եւ հոգեւոր կյանքին»: Ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ լիբանանահայերի կեսը ընդդիմադիր ուժերի անդամներ են, Սուլեյմանն ասել է. «Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ Լիբանանի հայերը ոչ միայն ընդդիմությունում են, այլեւ իշխանությունում, ինչպես եւ երկրի մնացած քաղաքացիները»:





























