Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Բեյրութում, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, եւ Սիրիայի ցավը` մեր ցավն է:

Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի եւ բռնությունների կիրառմանը՝ եւ ոչ միայն Սիրիայում: Անհնար է տեւական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման եւ առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման եւ խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նա հույս է հայտնել, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում «Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը»: