Ռազմական գործողությունները չեն կարող լուծել Ղարաբաղի խնդիրը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպն Պատրիկ Մերֆին՝ «Ռեգիոն» կենտրոնում կայացած ասուլիսում: Նրա խոսքով, իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ է: Վերջին ժամանակներս լարվածությունն աճել է եւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը նպաստել են անվստահության մթնոլորտի հետագա խորացմանը:
«Գնալով ավելի հաճախ է օգտագործվում ռազմական հռետորությունը եւ կարեւոր է անել ամեն բան, որպեսզի այն չվերաճի բռնի գործողությունների, որին կարող են հետեւել պատասխան գործողություններ: Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները չեն կարող լուծել հակամարտությունը:
Ես սա ասում եմ որպես ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության հատուկ ներկայացուցիչ: Իռլանդիան երկար տարիներ արյունալի հակամարտության վկան է եղել: Ռազմական գործողությունները անկանխատեսելի հետեւանքներ կունենան եւ էլ ավելի կխորացնեն հակամարտությունը, կբազմապատկեն դժվարությունները, որոնց բախվում է տարածաշրջանի բնակչությունը»,-ընդգծել է Մերֆին:
Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հելսինկյան ամփոփիչ ակտը, որը ստորագրել են նաեւ հայաստանն ու Ադրբեջանը, արդեն պարունակում է կարեւոր դրույթներ, որոնք վերաբերում ենուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը: Կա նաեւ կողմերի միջեւ 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը: Այդ պարտավորությունների խստիվ կատարումն արդեն զգալի ներդրում կլիներ տեղերում անվտանգության վերականգնման առումով:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է ուժի չկիրառման սկզբունքի հետագա հաստատմանը, անկասկած, ողջունելի կլինի: Ես նախկինի պես վստահ եմ, որ գործընթացում մեծ թերությունը տեղերում միջադեպերի հետ կապված աշխատանքի մեխանիզմի բացակայությունն է: Ես խոսում եմ ոչ միայն հետաքննության մեխանիզմի, այլեւ այնպիսի մեխանիզմի մասին, որի շնորհիվ տեղի հրամանատարները պարբերաբար կհավաքվեն եւ կքննարկեն կողմերին անհանգստացնող հարցերը, ինչպիսիք են կրակոցները, զորքերի տեղաշարժը, անօդաչու թռչող սարքերի թռիչքները եւ այլ գործոններ, որոնք նպաստում են զոնվորների համար վտանգավոր իրավիճակների ստեղծմանը»,-նշել է Մերֆին:





























