Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ազատություն» կուսակցությունը կարծում է, որ ՀԱԿ-ն ունի բոլոր հնարավորությունները` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` այդ թեկնածուն առաջին հերթին ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Կան այլ թեկնածուներ եւս, որոնց անունները Հրանտ Բագրատյանը չցանկացավ հրապարակել:
Հարցին, թե ի՞նչ կանի «Ազատությունը», եթե ՀԱԿ-ը որոշի ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածուով եւ այդ թեկնածուն լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Բագրատյանն արձագանքեց, որ «եթե»-ներով պետք չի խոսել:
ՀԱԿ-ի մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ Հայաստանի Կանաչների կուսակցության առաջնորդ Արմենակ Դովլաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր ոչ իրենց կուսակցությունում, ոչ ՀԱԿ-ում չեն քննարկվել, «երբ քննարկում կլինի, կասեն»: «Որպես ՀԱԿ-ի լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում է ամենահարմար թեկնածուն»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի` ՀԱԿ-ԲՀԿ հավանական միասնական թեկնածու լինելու մասին նա նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, տարբերակները պետք է քննարկել: «ՀԱԿ կուսակցություններն անկախ են, կարող են իրենց որոշումն ընդունել, որեւէ տարբերություն եթե լինի, ինչ-որ տրագեդիա դրանում չկա»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնադրվել է 2009-ին, որին մաս են կազմում ՀՀՇ կուսակցության անդամներ, զանազան ընդդիմադիր կուսակցություններ, շարժումներ եւ անհատներ: Այժմ ՀԱԿ-ի կազմում կա 13 կուսակցություն եւ 2 նախաձեռնություն: Ժամանակի ընթացքում երեք ուժեր դադարեցրել են իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին, ինչպես օրինակ` «Հանրապետություն», «Հայաստանի Լիբերալ» կուսակցությունները եւ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը:
Ավելի վաղ ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցությունը հայտարարել է, որ չի ողջունում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ եթե 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կմասնակցի, կօգնի ՀԱԿ-ին, իսկ եթե չառաջադրվի, վերջիններս կկասեցնեն իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին:




























