Այժմ ընթանում է պրոցես, դեռ վերջնական կողմնորոշում չկա, բայց կա կոնկրետ մոտեցում թեկնածուի մասով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Մեզ համար առաջնային եւ համարյա թե վերջնական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ուրիշ արտահայտություն, կարծիք այսօր արտահայտելը ժամանակավրեպ կլինի, որովհետեւ պրոցեսները շարունակվում են, մենք չենք իմանում, թե ինչ ձեւաչափով, համախմբվածությամբ ընդդիմադիր դաշտը կարող է հանդես գալ»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ ընթանում է լրջագույն գործընթաց, բանակցություններ եւ հույս հայտնեց, որ վերջիվերջո, հաշվի առնելով երկրում ստեղծված անելանելի վիճակը, իշխանության հախուռն ցանկությունը` Սերժ Սարգսյանի տեսքով վերարտադրվելու, կբերի նրան, որ «կգիտակցենք, որ միայն համախմբմամբ կարող ենք լրջագույն պայքար տանել եւ ազատվել այս համակարգից, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը եւ որը մեր երկիրը տանում է դեպի կործանում»:
Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր փորձառությամբ, կառավարման համակարգում ունեցած գիտելիքների արդյունքում, կարող է երկիրը հանել ճգնաժամային իրավիճակից, ժողովրդին` խորը դեպրեսիայից եւ այդ ամենի արդյունքում կասեցնել արտագաղթը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը լավագույն միասնական թեկնածուն է: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք գիտակցում են ստեղծված իրավիճակը եւ միավորման անհրաժեշտությունը, կարող ենք տեսնել մեր կողքին»,- ասաց նա:
Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է լինել ԲՀԿ-ի թեկնածուն, նա պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն եւս այդ ուղղությամբ կարող է մտածել: Առայժմ միանշանակ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին է տեսնում թեկնածու, դա նույնպես նորմալ է, նա նրանց լիդերն է: Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ համատեղ բանակցությունները կբերեն վերջնական դիրքորոշման»:
Նա ձեռնպահ մնաց նշել, թե որոնք են լինելու ՍԴՀԿ-ի քայլերը, եթե Գագիկ Ծառուկյանը դառնա ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: «Ես «եթե»-ով չեմ ուզում խոսել, կլինի որոշում, հայտարարություն, ըստ դրա կառաջնորդվենք, «եթե»-ներով ինչ-որ բան ասելը ոչ մի օգուտ չի տա այդ գործընթացին»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնադրվել է 2008թ-ին, որին մաս են կազմում զանազան ընդդիմադիր կուսակցություններ, շարժումներ եւ անհատներ: Այժմ ՀԱԿ անդամ է 13 կուսակցություն եւ 2 նախաձեռնություն: Ժամանակի ընթացքում երեք ուժեր դադարեցրել են իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին՝ «Հանրապետությունը», Հայաստանի Լիբերալ կուսակցությունը եւ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: Ավելի վաղ ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցությունը հայտարարել է, որ չի ողջունում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եթե 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կմասնակցի, կօգնի ՀԱԿ-ին, իսկ եթե չառաջադրվի, վերջինս կկասեցնի իր անդամակցությունը ՀԱԿ-ին:




























