Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանը եւ Դմիտրի Բեզդելովը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ: Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Վաղը նախատեսված է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Դմիտրի Բեզդելովի եւ ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի այցը պետական սահմանի տեղամասեր: