Հրուշակեղեն արտադրող բրիտանական Cadbury ընկերությունը շոկոլադ է ստեղծել, որը չի հալվում նույնիսկ 40 աստիճան տաքության պայմաններում: Այն կատարելագործել է «Dairy milk» սալիկը:

Հաղորդվում է, որ ընկերությունը շաքարի մասնիկներն ավելի փոքր մասնիկների տրոհելու միջոց է մշակել, որի արդյունքում արտադրանքն առավել դիմացկուն է դարձել բարձր ջերմաստիճանի նկատմամբ:

Ընկերության նոր բաղադրատոմսը, որը մշակել են Բիրմինգհեմի գիտնականները, գաղտնի է պահվում: Նոր իննովացիոն բեկումից հետո Cadbury-ն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նոր տեխնոլոգիան պատենտավորելու համար:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, այդ տիպի շոկոլադի վաճառքը նախատեսված է միայն շոգ կլիմա ունեցող երկրներում, որտեղ միշտ չէ, որ պայմաններ կան իրենց արտադրանքը իր տեսքով պահելու համար, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Այդուհանդերձ, պրոֆեսիոնալ հրուշակագործները նշում են, որ Cadbury -ի նոր «չհալվող» շոկոլադը այդքան էլ սիրված եւ համեղ չի լինի: