Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Լիբանան այն ժամանակ, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են ընթանում, դրական արձագանքի է արժանացել Լիբանանի հայ համայնքի շրջանում, քանի որ այս այցելությունը յուօրինակ բարոյահոգեբանական աջակցություն է հայ համայնքի համար: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բեյրութի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, ամփոփելով Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած այցելությունը:
Նրա կարծիքով, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի ազդեցություն ունի հարեւան Լիբանանի վրա, որը համայնքային երկիրը է: Թեեւ սադրիչ գործոնների առկայությանը, կան նաեւ զսպող գործոններ, որոնց արդյունքում մոտ ժամանակներս համալիբանանյան ներքին բռնկումներ տեղի չեն ունենա:
Լիբանանի հայ համայնքն արդեն մեկ անգամ անցել է քաղաքացիական պատերազմի միջով, մեծ փորձ ու իմունիտետ ունի եւ անգամ ինքնապաշտպանության է դիմել: Լիբանանում այսօր որոշակի լարվածություն է զգացվում, որը կարող է աջակցություն ստանալ դրսից: «Լիբանանը համայնքային երկիր է եւ յուրաքանչյուր համայնք կարող է գտնվել գերտերությունների ազդեցության ներքո: Հայ համայնքը Լիբանանի 7 կարեւոր համայնքներից մեկն է: Ներկա պահին երկրում կան որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնց վրա ազդում է նաեւ երկրում տիրող քաղաքական վիճակը»,-ասաց Քանդահարյանը:
Նա նաեւ ընդգծեց Հայաստանի եւ Լիբանանի կառավարությունների միջեւ ստորագրված փաստաթղթերի կարեւորությունը, նկատելով, որ դա կարող է երկու երկրների միջեւ տուրիզմի զարգացման խթան դառնալ:
«Ազդակի» խմբագրի գնահատմամբ, երկու երկրների միջեւ զբոսաշրջության ոլորտը վատ է զարգացած, որի պատճառը անկազմակերպվածությունն է եւ «Արմավիայի» բարձր գները:
«Լիբանանի հայ համայնքի համար այս խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի»,-ամփոփեց խմբագիրը:





























