Հայաստանի ինտերնետ ցանցի վրա հարձակումները հիմնականում Չինաստանի տարածքից են տեղի ունենում։ Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց «Armenian Datacom company» ընկերության ցանցային մենեջեր Տիգրան Աֆրիկյանը՝ ավելացնելով, որ ընկերության գործունեության ընթացքում մի քանի անգամ DoS, DDoS հարձակումներ են եղել, բայց դրանք կանխվել են։ «Աշխարհագրորեն հարձակումները Չինաստանից են տեղի ունենում, բայց ամեն դեպքում հավանականություն կա, որ հարձակումը մեկ այլ երկրից տեղի ունեցած լինի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընկերության ցանցի ապահովությունն ապահովող ծրագրերը և սարքավորումները դիմադրել են հարձակումներին եւ կորուստներ չեն եղել։ Ըստ նրա՝ ընկերությունը չի հետեւում հաճախորդների վիրուսներին, տրոյաններին, բրուտֆորսներին եւ էլեկտրոնային հասցեի կոտրման դեպքերին։ «Նման հարձակումները անհատական մակարդակի վրա են, այսինքն, եթե ինտերնետ օգտագործողի համակարգչի մեջ վիրուս է ընկնում անհատական օգտագործողի պատճառով, որովհետեւ նա կասկածելի բովանդակությամբ կայքեր է այցելել, կամ կասկածելի բովանդակությամբ էլեկտրոնային նամակի միջոցով է ստացել, դա դուրս է վերահսկողությունից»,- նշեց ցանցային մասնագետը՝ ավելացնելով, որ Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակը դեռ սաղմնային վիճակում է։

«Ինտերնետը Հայաստանում նոր է սկսում զարգանալ, եւ բնականաբար անվտանգությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ»,-ասաց նա՝ նկատելով, որ անվտանգության մակարդակի բարելավման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ բարձրանա հասարակության կողմից ինտերնետի օգտագործման ինտենսիվությունը, ինչպես նաեւ հարկավոր են մեծ ներդրումներ։