2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի վերաբերյալ որոշ վերապահում կա: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը:
«Կարող են մեզ հետաքրքրող շատ հարցեր լինել: Սակայն դա չի նշանակում, որ դրանով պետք է զբաղվեն խորհրդարանականները եւ որ ԱԺ-ն բավական հնարավորություններ ունի դրանք պարզելու: Ես մի շարք հարցեր ունեմ Հատուկ քննչական ծառայությանը, որոնց պատասխանը թույլ կտա համակողմանի ուսումնասիրել կատարվածը եւ վերջնական եզրակացություններ անել», - ասել է Հարությունյանը՝ նշելով, որ առավել մասնրամասն կարտահայտվի երկուշաբթի օրը՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում:
Հարությունյանի խոսքով՝ ՀԱԿ-ը մի շարք հարցեր է առաջադրել, որոնք պարզելու համար ինքը մտադիր է դիմել Հատուկ քննչական ծառայություն: Հարությունյանը նաեւ նշել է, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը պատասխաններ ստանալու լավագույն միջոցը չէ, քանի որ այն կարող է քաղաքական բանավեճերի ասպարեզ դառնալ:





























