Հայաստանում Իրանի դեսպանատունը անձնական կարծիքները չի մեկնաբանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատան մամուլի քարտուղար Համիդ Մուրադհանին:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, ավելի վաղ Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհսեն Փաք Աինը հայտնել էր, որ «Իրանը Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է համարում»: Մուրադհանիի խոսքով, Իրանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Համոզված ենք, որ տարածաշրջանի երկրներն ընդունակ են ինքնուրույն լուծել խնդիրները: Իրանը պատրաստ է ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման գործում: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իսլամական Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Հետեւաբար, Հայաստանում Իրանի դեսպանատունը չի մեկնաբանում անձնական հայտարարությունները», - նշել է Մուրադհանին:





























