Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը և Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ «Ռանչպար» ուղեկալ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում, հանդիպել զինվորականության հետ, ծանոթացել սահմանապահների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին:
Ա. Բաղդասարյանը սահմանապահներին ներկայացրեց սահամանապահ զորքերի զինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը: «Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԱԽ-ների համագործակցության ծրագրով նախատեսվում են սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվող Հայաստանի սահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի իրականացմանը: ՌԴ-ի սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնում պետական սահմանի պահպանությունը»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը պատասխանեցին նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացման հետ կապված հարցերին, ըստ որի արդեն կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներկայացուցչության բացման աշխատանքների իրականացման վերաբերյալ: «Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները: Դա Հայաստանի համար ունի քաղաքական, ինչպես նաև անվտանգության մակարդակի ամրապնդման և բարձրացման կարևոր նշանակություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի, այսօրվա դրությամբ` ՀՀ պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ եւ կայուն իրավիճակ է:
«Որեւէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջեւ դրված խնդիրները բարձր մակադակով իրականացնում ենք»,- ասաց Վ. Վլասովը: Նա գոհունակություն հայտնեց, որ ՌԴ սահմանապահ զորքերին հուզող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում:





























