Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թուրքմենստանի նախագահը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Թուրքմենստանի նախագահը Երեւանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության հետ, կայցելի նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: