Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց Գերագույն մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկել են մի շարք հարցեր՝ ներկուսակցական, համագումարի նախապատրաստական աշխատանքներ, ելույթներ, շտաբների ձեւավորման աշխատանքներ:
Ներկուսակցական հարցերի երկրորդ խումբը վերաբերել է արտաքին քաղաքական համագործակցությանը: Կուսակցությունը ակտիվորեն համագործակցում է «Եդինայա Ռոսիայի», Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ: Դեկտեմբերին տեղի կունենա ԵԺԿ ղեկավարի այցը Հայաստան, ինչին կհետեւի ԵԺԿ-ի գագաթաժողովը, որին կմասնակցի նաեւ կուսակցության պատվիրակությունը: ՀՀԿ նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել արտերկիր այցելություններից:
«ՀՀԿ համագումարի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հնարավորություն կունենանք լսելու մեր թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը: Անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից՝ մենք գտնում ենք, որ միակ ֆավորիտային թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այլ կուսակցությունների սատարելու, չսատարելու հետ կապված դիմեք այդ կուսակցություններին: Հավանական բոլոր թեկնածուներից ով էլ առաջադրվի, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, դրանից ՀՀԿ ղեկավարի շանսերը չեն տուժի»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանավոը շեշտեց, որ անկախ նրանից, լինի միասնական ճակատ, թե չլինի, ֆավորիտ թեկնածուն միայն գործող նախագահն է: Նա մշուշոտ է համարում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը, որը կարող է համապատասխանել թե ձախերին, թե աջերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր ընդդիմադիր ուժեր նույնիսկ իրենց մեջ չեն կարող միասնական ճակատ ձեւավորել: «Չեմ խոսում այլընտրանքային մեր գործընկերների մասին, ովքեր այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմազանությամբ»,- ասաց նա:
Ընթացող քաղաքական կոնսուլտացիաները, որը Էդուարդ Շարմազանովը որակել էր պլատոնական սիրախաղ, վերջին շրջանում, ըստ նրա, բուռն զարգացում չի ապրել:




























