Թուրքիայի Kadir Has համալսարանի ռեկտոր Այդին Մուսթաֆան համաձայն չէ, որ  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թշնամություն կա:

«Չէի ասի, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թշնամություն կա: Կա անհամաձայնություն, ոչ թե թշնամություն: Երկու երկրները չեն պատերազմում», -ասել է նա՝ Երեւանում ընթացող «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումի ընթացքում պատասխանելով հայ լրագրողների հարցերին:

Թուրք ռեկտորը համաձայնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թշնամությունն ազդում է Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների վրա: «Դա իրոք ազդում է: Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի թուրք հասարակության որոշ մասի հետ», - նշել է նա:

Այդին Մուսթաֆան կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը պետք է բացվի, հարաբերություններն էլ՝ կարգավորվեն, թեեւ դա շատ ժամանակ եւ բանակցություններ է պահանջում: Նա ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան 1993թ.-ից սառեցրել է Հայաստանի հետ հարաբերությունները:

Նշենք, նոյեմբերի 29-30-ը Երեւանում ընթանում է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումը:

Կազմակերպիչները ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների  ինստիտուտն ու Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան են: Մասնակցում են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի տարածաշրջանային անվտանգության ոլորտի փորձագետներ: