Թուրքիայում նոր սկանդալ է ի հայտ եկել։ Անկարայում ֆրանսիական դպրոցում, որտեղ թուրք երեխաներ են սովորում, պատմության ծրագրի մեջ է նաեւ Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star պարբերականը, Անկարայի ֆրանսիական դպրոցում ծրագրում Ցեղասպանության մասին տեղեկությունը հայտնի է դարձել, երբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օզջան Ենիչերին խորհրդարանում գրավոր գրավոր հարց է ուղղել Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը։

Նշվել է, որ Անկարայի Ինջեք թաղամասում գտնվող Շառլ դը Գոլի անվան ֆրանսիական լիցեյի 2-րդ դասարանի համար նախատեսված դասագրքում «Հայոց ցեղասպանություն» բաժնում թուրք երեխաներին Հայոց ցեղասպանության մասին է պատմվում։ Այդ բաժնում տեղեկացվում է, որ Երիտթուրքերի կառավարությունը որոշում էր կայացրել վերացնել հայերին եւ մոտ 1 մլն հայի կոտորածով է սկսվել 20-րդ դարը։ Նշվում է նաեւ, որ 1915-ի սկզբներին Երիտթուրքերի առաջնորդները ցեղասպանության կազմակերպման համար գաղտնի ժողովներ էին անում։

Թուրք ազգայնական պատգամավորի գրավոր հարցադրման մեջ հարց է ուղղվել Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերին, թե այս դասագիրքն ո՞վ է հավանության արժանացրել եւ արդյոք նախարարը տեղյա՞կ է այդ ամենից։