Հայաստանի եւ Թուրքմենստանի կառավարությունների միջեւ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Փաստաթղթերի ստորագրման արարողությունը կայացել է այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երեւանյան այցի շրջանակում:

Մասնավորապես, օդային հաղորդակցման, տեխնիկական աջակցության, սեյսմիկ անվտանգության, անասնաբուժության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել, նաեւ՝ երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը:

Դեմ առ դեմ եւ ընդլայնված կազմով հանդիպումներին հաջորդած ճեպազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Կողմերը նաեւ շահագրգռված են երիտասարդ սերնդի, մասնավորապես ուսանողների միջեւ շփումները զարգացնելու հարցում: Ընդհանուր առմամբ, կողմերը հաստատել են հարաբերությունները նոր՝ բարձր մակարդակի հասցնելու փոխադարձ ձգտումը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am