Պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդին, որը ԿՀՎ-ին օգնել էր հայտնաբերել եւ ոչնչացնել Ուսամա բեն Լադենին, հացադուլ է հայտարարել: Աֆրիդին բանտում է իսլամիստների հետ կապի համար, սակայն շատերը կարծում են, որ բժշկին հետապնդում են ամերիկացիների հետ համագործակցության համար:
Փեշավարի բանտի աշխատակիցնեը հայտնել են, որ Աֆրիդին անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բանտային պայմանների դեմ բողոքի: Բժիշկը պահվում է մենախցում, այցելուներ ընդունելու կամ զանգահարելու իրավունք չունի, հայտնում է lenta.ru-ն:
Աֆրիդին 2011թ. մայիսին ամերիկյան հետախուզությանն օգնել էր ոչնչացնել բեն Լադենին: ԱՄՆ-ն գործողությունն անցկացրել էր առանց Պակիստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու, ինչը զայրացրել էր պաշտոնական Իսլամաբադին: Վաշինգտոնն էլ վրդովվել էր Աֆրիդիի դատական հետապնդումից:
2012թ. սեպտեմբերին Աֆրիդին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ բանտում իրեն տանջում են, իսկ ԱՄՆ-ի նկատմամբ Պակիստանի հատուկ ծառայությունները թշնական են տրամադրված: Նյութի հրապարակումից հետո բանտի վեց աշխատակիցների աշխատանքից ազատել էին:





























