Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհ են այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւանում կայացած երկկողմ բանակցություններից:
Հայաստանի նախագահը բանակցություններն անվանել է շատ որոշակի, դրական եւ առարկայական: Քննարկվել են տարբեր՝ առեւտրատնտեսական, հումանիտար, ներդրումային ոլորտներին առնչվող տարաբնույթ հարցեր: Նրա խոսքով, հարաբերությունների զարգացման ներուժն առավել քան ներգրավված է, եւ դրա լիակատար զարգացումը համապատասխանում է կողմերի շահերին: Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ հարկ եղած մակարդակում չէ, եւ իրավիճակը կարելի է փոխել համատեղ ջանքերի շնորհիվ:
Խոսելով հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեկուկես ամիս առաջ Երեւանում կայացած նիստի արդյունքները նոր լիցք կհաղորդեն համագործակցության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, հարաբերությունների սպեկտրը բավական մեծ է, եւ այսօր ստորագրված համաձայնագրերն ավելի կընդլայնեն այդ շրջանակը:
«Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է հաջորդ տարի Թուրքմենստանում մեծ գործարար համաժողով կազմակերպել, եւ մենք ընդունել ենք առաջարկը», - նշել է Սերժ Սարգսյանը:
Թուրքմենստանի նախագահի խոսքով՝ համաժողովում կարող են անցկացվել ցուցահանդեսներ եւ շնորհանդեսներ, որոնք կողմերին կծանոթացնեն միմյանց հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























