Եթե ՆԱՏՕ-ն ամրացնի թուրք-սիրիական սահմանը Patriot հրթիռային համալիրներով եւ Թուրքիան սկսի հարվածել սիրիական օդանավերին, ապա դա կլինի բաց ագրեսիա Սիրիայի հանդեպ, իսկ եթե նման քայլեր չձեռնարկվեն, ապա Patriot-ների առկայությունը ոչնչի չի հանգեցնի: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը:
Քաղաքագետի խոսքով, Գերմանիան Patriot հրթիռային համալիրներ եւ Բունդեսվերի 160 զինվոր կտրամադրի՝ պայմանով, որ դրանցով չհարվածեն Սիրիայի օդային տարածքում գտնվող օդանավերին, այլ օգտագործեն միայն պաշտպանական նպատակներով:
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի, ներկա վիճակում Թուրքիայի իշխանությունները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայի ընդդիմադիրների վրա, որպեսզի Սիրիայի ներսում հակամարտությունը հանգեցնեն երկխոսության, քաղաքագետը նշել է. «Սիրիայի ընդդիմությունը հարաբերություններ չի կարգավորի պաշտոնական Դամասկոսի հետ, որովհետեւ Թուրքիան եւ արաբական միապետները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի շփում չլինի եւ Բաշար Ասադի ռեժիմը տապալվի ռազմական հեղաշրջման հետեւանքով: Հետեւաբար, չարժե հույս ունենալ, որ Թուրքիան կօգտագործի իր ներուժը խաղաղ նպատակներով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով Petriot հրթիռային համալիներ տրամադրել Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վստահեցրել է Թուրքիային, որ դաշնակիցները ուշադիր քննարկում են այդ առաջարկը:


























