Մոսկվայում կայացած 16-րդ «Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ 20 տարվա հնացման Նաիրի կոնյակը ստացել է մրցույթի բարձրագույն մրցանակը` Գրան Պրին, եւ արժանացել ոսկե մեդալի: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից, մրցույթին, որն անց է կացվել «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցել են ավելի քան 117 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 20 երկրներից` այդ թվում նաեւ Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից:

ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 31 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: Ախթամար կոնյակն ունի 8 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Հարկ է նշել, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը «Արարատ արվեստների հավաքածու» նախագծի շրջանակներում ներկայացրել է Ախթամար կոնյակը նոր փաթեթավորմամբ, որը ստեղծվել է ժամանակակից կանադահայ նկարիչ Գարեն Բեդրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակով: