Խորհրդարանը տուն է երկրի քաղաքացիների համար, սակայն ոչ միայն նրանց համար, ովքեր ընտրվել են, որ ներկայացնեն ժողովրդի շահերը, այլեւ նրանց համար, ով ընտրել է նրանց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի Ազգային ժողովում ընթացող «Խորհրդարանական համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրաինտեգրման. Արժեքներ եւ փորձ» ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսը:

Նրա խոսքով, քաղաքացիական հասարակությունը պետք է հնարավորություն ունենա հեշտությամբ մտնել խորհրդարան եւ շփվել պատգամավորների հետ, որոնք, իրենց հերթին, պետա է թափանցիկ աշխատեն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակին, որ նա բացել է խորհրդարանի դռները քաղաքացիական հասարակության առջեւ՝ այս միջոցառումն անցկացնելու համար»,-ասել է նա:

Մաթենսը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի նման երկրներում, որը գտնվում է հետխորհրդային անցումային շրջանում, ժողովրդավարությունը պետք է կարեւոր դեր խաղա: ԵԺԿ նախագահի ներկայացմամբ, ժողովրդավարության կայացման հարցում առաջատար դեր պետք է խաղան քաղաքական գործիչներն ու քաղաքացիական հասարակությունը: « Ժողովրդավարության հասնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, այդ թվում ընտրական օրենսգրքում, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացում»,-ասել է Մարթենսն ու հավելել, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն կամուրջ է քաղաքական գործիչների եւ հասարակության միջեւ, այլեւ փոփոխությունների քամի, որը դժվար է կասեցնել:

Սակայն, ըստ ԵԺԿ նախագահի, շատ հեշտ է փոփոխություններ ցանկանալը, բայց շատ դժվար է դրանց հասնելը:

Նշենք, որ ԱԺ-ում ելույթից հետո Վիլֆրեդ Մարթենսին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am