Իվանիշվիլին խնդիր չունի Ռուսաստանի հետ մերձեցման նախաձեռնությունների առումովմ որպիսիք ուներ Միխայիլ Սահակաշվիլին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը՝ մեկնաբանելով Աբխազիայով անցնող երկաթգիծը բացելու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ Աբխազիայով անցնող երկաթուղու աշխատանքի վերսկսելու հարցը, որն առաջ էր քաշվել իր կողմից, այժմ օրակարգից հանվել է, քանի որ աբխազական կողմը շահագրգռված չէ դրանում:
Մաքֆարլեյնի կարծիքով, երկաթգիծը լավագույն միջոցն է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար՝ առանց անդրադառնալու «ցավոտ խնդիրներին»:
«Դա ամենահարման տարբերակներից մեկն է: Այն քաղաքական բաղադրիչ չի պարունակում եւ չի ներառում կարգավիճակի հարցը, որը առեւտրի առարկա չէ: Երկաթգիծ դուք կարող եք ունենալ, եթե նույնիսկ համաձայն չեք տարածքների կարգավիճակի հետ: նույնկերպ կարելի է ունենալ նաեւ խողովակաշար»,-ասել է Մաքֆարլեյնը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Աբխազիայի այն ժամանկվա նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել էր Ռուսաստանից Աբխազիա Սեւ ծովի հատակով գազատարի կառուցման նախագծման մասին:
Նրա կարծիքով, Սահակաշվիլիի համար դժվար կլիներ հանդես գալ նման առաջարկով՝ հաշվի առնելով նրա ընդգծված հակառուսական դիրքորոշումը:
«Հայտարարություններից հետո, որ Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Վրաստանը, այդ երկրի հետ երկաթուղային կապը անհասկալանի կընկալվեր: Իվանիշվիլին նման խնդիրներ չունի: Նա ասում է. «Եկեք բարելավենք մեր հարաբերությունները», իսկ այդ դեպքում երկաթգիծը տրամաբանական առաջարկ է»,-հայտարարել է Մաքֆարլեյնը:
Հիշեցնենք, որ Աբխազիայով անցնող երկաթուղին չի գործում 1992 թվականից ի վեր:





























