Հայկական կողմում գտնվող ադրբեջանցի հովիվ Թելման Ալիեւին Ադրբեջանին հանձնելու գործընթացի ժամանակ արբեջանական կողմի ներկայացուցիչների հետ չի քննարկվել գերիների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Հանդիպմանը ադրբեջանական կողմից մասնակցել է Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Սամեդովը:
«Առաջադրված բոլոր հարցերին նա միօրինակ պատասխաններ էր տալիս, որոնց էությունն այն էր, որ ինքն լիազորված չէ պատասխանել տվյալ հարցերին եւ տեղեկատվություն հրապարակել: Թեեւ միաժամանակ նշեց, որ ինքը տեղյակ է բանակցային բոլոր գործընթացներից եւ գիտի Ադրբեջանի պետական հանձնաժողովի վերջնական որոշումը տվյալ հարցի առնչությամբ, սակայն մեր հարցերին հրաժարվեց պատասխանել»,-նշեց Արմեն Կապրիելյանը, հավելելով, որ Թելման Ալիեւի փոխացման գործընթացը տեղի է ունեցել առանց որեւէ միջադեպի:
Նշված հանդիպման անցմացման վերաբերյալ բանակցությունները կայացել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հանդիպումը նախատեսվում էր անցկացնել երրորդ երկրում: Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ միակ հանդիպումը կայացել է 2006 թվականին Բրյուսելում, նույնպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:





























