«Արեւելյան գործընկերությունը» շատ կարեւոր քաղաքական գործընթաց է տարածաշրջանի համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանում, ԵԺԿ «Արւելյան գործընկերության» առաջնորդների 2-րդ գագաթաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Վրաստանն ԱՊՀ անդամ չէ, սակայն երկիրը պետք է առաջ գնա տարբեր ուղղություններով: Մենք պետք է կարողանանք մեր երկրներն ուղղել դեպի Եվրոպա եւ այլ երազանք իմ կուսակցության, իմ երկրի եւ ինձ համար չկա: Այդ գործընթացը պետք է սկսվի գագաթաժողովից, որը տեղի կունենա 2013 թվականին՝ Վիլնյուսում»,-նշել է Սահակաշվիլին:

Իր հերթին Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը նշել է գագաթաժողովի անցկացման կարեւորությունը՝ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների համագործակցության տեսանկյունից:

«Շատ կարեւոր է, որ նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը եւ հնարավորություն ընձեռնվեց պայմանավորվածությունների հասնել տարբեր հարցերում»,-ամփոփել է նա: