2013թ. «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն Հայաստանում խոտի ալյուրի գործարան կբացի։  Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ գործարանի արտադրողականությունը կկազմի ժամում 1500 կգ, վերամշակման հզորությունը՝ ժամում 6000 կգ խոտ։ Գործարանը մտադիր է հիմնականում եղեգ վերամշակել, թեպետ նախատեսված է ցանկացած տեսակի խոտի համար։

Գ. Նիկողոսյանի խոսքով՝ ի տարբերություն սովորական չոր խոտի, գործարանում խոտը արագ, ոչ թե երկարատեւ չորացման կենթարկվի, ինչը թույլ կտա պահպանել կարոտինը։

Այժմ խոշոր տնտեսությունները (թռչնաբուծարանները եւ  անասնաբուծարանները) գերադասում են գնել բաղադրիչները (թեփ, գարի եւ այլն) եւ իրենք խառնել։«Հույս ունենք ցույց տալ, որ պատրաստի կերն ավելի շահավետ է», - ասել է Գ. Նիկողոսյանը եւ հավելել, որ առավելություն կդառնա նաեւ պահպանման երկարատեւ ժամկետը. նորմալ ջերմաստիճանի դեպքում՝ մինչեւ երկու տարի։

Հիշեցնենք, 2011թ. Հայաստանում կոմբինացված կերի արտադրության ծավալը կազմել է 518 մլն դրամ, որը գրեթե յոթ անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշը։ Դա պայմանավորված է 2011թ. նոր գործարանի բացմամբ, որը եւս պատկանում է «Մանանա Գրեյն» ընկերությանը։