Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթացքի մեջ են բանակցություններն Ասոցացման համաձայնագրի եւ դրա մաս կազմող խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։
«Ասոցացում՝ նշանակում է արժեքների կիսում, եւ Հայաստանին տանում է դեպի արդիականացում՝ օրենքները, չափանիշները եւ նորմերը ավելի մոտեցնելով Եվրոպական Միության օրենքներին, խորացնելով մեր համագործակցությունը համաշխարհային ասպարեզում։ Այս գործընթացը կնպաստի Հայաստանում քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը։
Համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը Հայաստանը կտանի դեպի եվրոպական միասնական շուկա, որն այժմ աշխարհի ամենամեծ շուկան է։ Հայաստանի տնտեսությունը բավարարում է համապարփակ ազատ առեւտրի գոտու չափանիշներին»,- նշել է Բարոզուն։
Այլ երկրների փորձը ցույց է տվել, նշել է Եվրահանձնաժողովի նախագահը, որ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր դռներ է բացում դեպի առեւտուր, խիստ անհրաժեշտ օտարերկրյա ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է տալիս։




























