Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երեւանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին կառավարությունում, վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է խորացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Վլադ Ֆիլատը նշել է, որ Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը՝ ԱՊՀ-ի եւ Արեւելյան գործընկերության շրջանակում:
Զրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարեւորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր՝ մշակել տնտեսական համագործակցության զարգացման նոր օրակարգ:
Տիգրան Սարգսյանը եւ Վլադ Ֆիլատը կարեւորել են նաեւ փորձի փոխանակումը իրականացվող բարեփոխումների ուղղությամբ եւ այդ համատեքստում քննարկել մի խումբ հարցեր:




























