Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները բարձր մակարդակով կանցնեն։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում Հայաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելով ընթացիկ տարվա մայիսին կայացած խորհրդարանական հաջողված ընտրությունների կապակցությամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ կայանալիք նախագահական ընտրություններում կշտկվեն խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած թերությունները։ Այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այս համատեքստում Ժոզե Մանուել Բարոզուն ընդգծել է Հայաստանի նախագահական ընտրությունները բարձր մակարդակով, եվրոպական նորմերին եւ չափանիշներին համապատասխան անցկացնելու բացառիկ կարեւորությունը։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են ընթացիկ տարվա մայիսի 6-ին։ Նախագահական ընտրությունները նշանակված են հաջորդ տարվա փետրվարին։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am