Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երեւանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ընդգծելով, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ հարաբերությունների զարգացումը եւ սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների եւ ժողովուրդների շահերին, նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել են, որ մի շարք ոլորտներում կա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները կարեւորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների հաճախակիացումն ու շփումները, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Սերժ Սարգսյանը եւ Վլադ Ֆիլատը երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն են համարել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում, միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:





























