Նոյեմբերի 28-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերա Էչենիկեյին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահական նստավայր Պալասիո դե լա Մոնեդայում կայացած պաշտոնական արարողությունից հետո Չիլիի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, առկա ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր բնագավառները։ Մեծապես կարեւորելով փոխայցելությունների ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները, դեսպան Մելիքյանը նշեց, որ այսօր առկա է չօգտագործված մեծ ներուժ եւ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։

Նախագահ Պինյերան ընդգծեց Հայաստանի հետ կապերը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը՝ վստահեցնելով, որ առաջիկայում այդ ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր։ Հանդիպման վերջում Չիլիի նախագահն իր ջերմ բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ նախագահին։