Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել են նախագահի աշխատակազմի աղբյուրները։

Նախատեսվում է, որ Համագործակցության երկրների առաջնորդները կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների շուրջ, տեղեկատվություն կստանան ԱՊՀ տարածքում Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախագահությամբ կայանալիք գագաթաժողովի օրակարգը ներառում է առեւտրատնտեսական եւ արժութային, մշակույթի, բնապահպանության եւ անվտանգության ոլորտում բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր, նաեւ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի միջոցառումների նախապատրաստման թեման, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նիստը պետք է կայանար նոյեմբերին, բայց հետաձգվել էր։ Պաշտոնապես հաղորդվել էր, որ հետաձգվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի խնդրանքով, սակայն  մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ պատճառը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրներն են: Նոյեմբերի 29-ին Կրեմլի աշխատակազմը հայտնել էր, որ Պուտինը կմասնակցի գագաթաժողովին։