Դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ»  կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:

ՆԺԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցու¬թյան խնդրի քաղաքական, հասարակական եւ սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկայացնելուց հետո, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել` այդ ընտրությունների նկատմամբ հասարա¬կության մոտ առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որեւէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները:

Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am