Խորհրդարանական մեծամասնությունն այսօր հրապարակայնորեն խոստացավ, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կմտնի ԱԺ օրակարգ, սակայն մենք լուրջ հիմքեր ունենք չհավատալ այդ խոստմանը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Եթե խորհրդարանական մեծամասնությունը խախտի հրապարակային խոստումը, ապա ՀԱԿ-ի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգի բոլոր հնարավորությունները եւ շրջանառության մեջ կդնի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օնախագիծը եւ այն քննարկման կներկայացնի արտահերթ կարգով», - ասել է Զուրաբայնը:

Միեւնույն ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ խորհրդարանական ընդդիմությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծի տպավորություն, թե ՀՀԿ-ն դեմ է մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը: «Իշխող կուսակցությունը Հայաստանի նախագահի գլխավորությամբ գործադրում է բոլոր ջանքերը այդ խնդրի լուծման համար», - վստահեցրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ընդդիմության եւ իշխանության դիմակայության հետեւանքով Երեւանի կենտրոնում զոհվեց ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու զինծառայող: