Curiosity առաքելության շրջանակներում Մարսի հետազոտությամբ զբաղվող գիտնականները դեկտեմբերի 3-ին պաշտոնական բացատրություն կներկայացնեն  «պատմական  նշանակության գտածոյի» վերաբերյալ: Աշխատանքների ղեկավար Ջոն  Գրոտցինգերը եւ նրա գործընկերները մամուլի ասուլիս կտան Սան Ֆրանցիսկոյում, որտեղ բացվում է  Ամերիկյան երկրաֆիզիկական միության ամենամյա նիստը:

Գրոտցինգերի խոսքերը, թե մարսագնացի հայտնաբերած տվյալները «կհայտնվեն պատմության դասագրքերում»,  իրարանցում էին առաջացրել մամուլում եւ գիտական ֆանտաստիկայի սիրահարների շրջանում: Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավար Չարլզ Էլաչին  պարզաբանել էր, որ խոսքը օրգանական մոլեկուլների մասին է:

Այդ ամենը NASA-ին ստիպել էր հանդես գալ հերքմամբ: Գրոտցինգերի գործընկերները  բացատրում են, որ լրագրողները սխալվել են, որ նրա  հայտարարությունը վերաբերել է  Մարսի մակերեւույթի վերջին ուսումնասիրություններին, մինչդեռ իրականում գիտնականը խոսել է Curiosity-ի պատմական առաքելության մասին ընդհանրապես: 

Գրոտցինգերն անձամբ անուղղակիորեն հաստատել է դա Space.com կայքի  տեսահարցազրույցում:  Չբացահայտելով վերջին հետազոտությունների արդյունքները` նա պատմել է մարսագնացի մասին: Հողի վերցման եւ մշակման գործընթացը նույնպես ցուցադրվում է տեսագրության մեջ:

Պարզվել է, որ վերցված հողը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից: Առաջինն ամուր հանքային տարրեր են:  Երկրորդ բաղադրիչն անձեւ է: Գրոտցինգերի խոսքով՝  հետազոտողների գլխավոր հարցերից է երկրորդ բաղադրիչի բնույթը պարզելը: