Լիբանանում, դեկտեմբերի 2-ին, հայ զինծառայողը քրիստոնեական Ժունիեի շրջանում հետապնդել է հանցագործին, որի ժամանակ զոհվել է: Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի առավոտյան, երբ Լիբանանի բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար Սամսոն Անդրանիկյանը հետապնդել է հանցագործին, իսկ վերջինս կրակ է բացել իրեն հետապնդող զինվորական ջոկատի անդամների ուղղությամբ:

Միաժամանակ, Քանդահարյանը նշեց, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չունի, առավել եւս կապ չունի Լիբանանի հայ համայնքի հետ:

«Անդրանիկյանը սպանվել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»,-ասաց նա:

Նշենք, որ Սամսոն Անդրանիկյանը ծնվել է 1971 թվականին՝ Լիբանանի Բուջ Համուդ հայկական թաղամասում: